Գերմանիայում սիրող - հնագետը ոսկե մետաղադրամներից բաղկացած գանձ է հայտնաբերել, որը ԶԼՄ-ները անվանում են «նացիստների ոսկի»: Reuters-ի փոխանցմամբ` նոր գտնված ոսկին գնահատվում է 45 հազար եվրո, վերաբերում է այն շրջանին, երբ գերմանացի նացիստների թալանած միջոցները անհետացել էին:
Գանձերը հայտնաբերել է 31-ամյա Ֆլորիան Բաուչը Լյունեբուրգ քաղաքի շրջակայքում: Մետաղորոնիչի օգնությամբ նա ծառի տակ 10 ոսկե մետաղադրամ էր գտել անցած հոկտեմբերին, ապա դիմել իր պրոֆեսիոնալ գործընկերներին: Հորատումից հետո նրանք հայտնաբերել էին արդեն 207 նման մետաղադրամներ: Գիտնականները կարծում են, որ գանձը թաղվել է նացիստական Գերմանիայի շրջանում, հնարավոր է գանձի տերը իր ունեցածը հորել է Երկրորդ համաշխարհայինի ավարտին: 21 մմ տրամագծով 6 գրամ քաշով մետաղադրամները հատված են տարբեր երկրներում 1837-1910 թթ. միջակայքում: Գտնված են մասնավորապես բելգիական, ֆրանսիական, իտալական, ավստրո-հունգարական, ինչպես նաև Reichsbank Berlin 244 կնիքով ու սվաստիկայի նշանով մետաղադրամներ: Գանձի փաթեթը արտադրված է 1940-1950 թթ. ընթացքում:
Այժմ գիտնականները ենթադրում են, որ նացիստների տիրապետության օրոք գանձերը պահվել են Ռեյխսբանկում, հնարավոր է՝ մաս են կազմել այն հարստություններին, որ գերմանական զորքերը թալանում և բերում էին տարբեր երկրներից: Հետաքրքրական գանձերը հուլիսի 19-ին ցուցադրվելու են հանրությանը Լյունեբուրգ քաղաքում: